Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական կայքը շուտով կներկայանա նաեւ  ֆրանսերենով:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կայքէջը դեռեւս կառուցման փուլում է. աստիճանաբար կթարգմանվեն եւ կտեղադրվեն բոլոր հիմնական էջերը, այնուհետեւ նաեւ լուրերը:

Կայքէջի ֆրանսերեն բաժնի ստեղծումը եւ թարգմանությունն իրականացվում են Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի «Նորիա» ծրագրի ֆինանսական աջակցությամբ:  Նույն ծրագրի ֆինանսավորմամբ Ազգային ժողովում «ՙԱլիանս Ֆրանսեզ»-ը պատգամավորների եւ աշխատակիցների համար  իրականացնում է  ֆրանսերենի դասընթացներ, որոնց մասնակիցների թիվը  հասնում է մոտ 70-ի:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին անդամակցել է 2009թ հուլիսին, Փարիզում կայացած լիագումար նստաշրջանի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանում եւ նրա խորհրդարանում խրախուսել  ֆրանսերենի տարածումը, որն այսօր հաջողությամբ իրականացվում է: 2010թ մայիսին ՀՀ Ազգային ժողովի նախա գահի հրավերով Երեւանում տեղի է ունեցել  ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանային նիստը, որին մասնակցեցին  շուրջ 100 պատվիրակներ:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անմիջական աջակցությամբ առաջիկայում կիրականցվեն  վիդեոկոնֆերանսներ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ  Բելգիայի Լուվենի համալսարանի միջեւ: