Նիկոլ Փաշինյանը «Սասնա Ծռերի» ձայները «գողացավ»: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ  Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով այն փաստը, որ հեղափոխությունն առանց բռնության եւ արյան տեղի ունեցավ, հարվածեց «Սասնա Ծռերի» դիրքերին:

«Խաղաղ, թավշյա հեղափոխությունն, ըստ էության դեպի իրեն քաշեց այն ընտրազանգվածը, որը մինչ այդ պաշտպանում էր ռեժիմի տապալման բռնի միջոցը: Նիկոլ Փաշինյանի գործողությունները փաստացի նպաստեցին, որ նրանց մեծամասնությունը հրաժարվեց այդ գաղափարից եւ նրա կողմն անցավ», - ասաց փորձագետը:

Նա հավելեց, որ հենց այդ պատճառով դժվար է խոսել «Սասնա Ծռերի» բարձր հնարավորությունների եւ խորհրդարանում նրանց հայտնվելու հավանականության մասին:

Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան: