Այն ամենը, ինչ պետությունն արել է սահմանամերձ Մովսես գյուղի համար, իրապես ոչ մի բան է գյուղի հերոսական անցյալի ու ներկայի դիմաց։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Տավուշի մարզի Մովսես գյուղում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպմանը  ասաց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Ցանկացած քաղաքական պատրաստված ելույթ հասնելով Մովսես, քո մտորումներով ամբողջությամբ վերանայում ես, որովհետեւ այն ինչ պետությունը մինչ օրս արել  է կամ կարողացել է անել, կամ ինչ–որ մարդիկ փորձել են անել սահմանամերձ այս գոտիների համար իրապես ոչ մի բան է ձեր հերոսական անցյալի, ներկայի դիմաց»,–նշեց նա։

Մարուքյանի համոզմամբ՝ պետությունն ամեն ինչ պետք է անի, որ մարդիկ գյուղում որեւէ խնդիր չունենան. «Մարդիկ այստեղ պետք է ապրեն առանց մտածելու, թե ինչպես պետք է կոմունալ վարձերը վճարեն, առանց մտածելու, որ ինչ–որ հարկ ու տուրք պիտի վճարեն, քանի որ դուք  այստեղ սարի պես կանգնած եք, իսկ մարդիկ Երեւանում ու մյուս քաղաքներում հանգիստ ապրում են ու շատերը չեն էլ պատկերացնում, որ Հայաստանում այսպիսի վայրեր կան եւ թե որքան ենք մենք խոցելի նման համայնքներում, բայց մարդիկ իրենց առօրյայով խաղաղություն են պարտադրում հակառակորդին եւ հանգիստ կյանք ՀՀ քաղաքացիներին մյուս համայնքներում»։

Նա շեշտում է՝ ամեն ինչ պետք է անեն, որ այստեղ կյանքի որակը Մովսես գյուղում բարձրանա. «Քարոզարշավին շատ ենք խոսել համայնքների համաչափ զարգացման մասին, բայց երբ այստեղ ենք հասնում, հասկանում ենք, որ տարածքային համաչափ զարգացումը շատ քիչ է այստեղ ապրող մարդկանց ամենօրյա դարդերը հոգալու համար։ Ուստի պետական առանձնակի հատուկ ուշադրության կարիք կա այստեղ կենտրոնացնելու»։

Մարուքյանը հայտնեց՝ քննարկում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում սահմանամերձ համայնքներով զբաղվող խումբ ստեղծելու գաղափարը, որը մշտապես կայցելի սահմանամերձ համայնքեր, կզրուցի բնակիչների հետ եւ նրանց խնդիրները կբարձրաձայնի։