Անհրաժեշտ է խստորեն պատժել նրանց, ովքեր ժողովրդին կողոպտել են: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ազատ Արշակյանը:

Փորձագետի խոսքով՝ նախկին ռեժիմի տնտեսական հանցագործների խիստ պատիժն անհրաժեշտ է զգուշացնելու համար ներկայիս եւ բոլոր հաջորդ քաղաքական ուժերին, որոնք իշխանության կգան: «Նախկին ռեժիմի ներկայացուցիչները երկար տարիներ զբաղվել են բնակչության կողոպուտով, ընդ որում՝ դա ցուցադրաբար է կատարվել: Բնականաբար, սա հանգեցրել է նրան, որ բնակչությունը տրամադրված է, որպեսզի պատժվեն թե՛ իրենց կողոպտողները, թե՛ նրանք, ում պատճառով իրենք վատ են ապրում»,- նշեց Արշակյանը:

Քաղաքագետը շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի տեսանկյունից անհնարժեշտ է սեփական մոտեցումները, ԵՏՄ գործընկերների, ինչպես նաեւ Արեւմուտքի հետ հարաբերությունները վերանայել: «Անհրաժեշտ է հասկանալ՝ մենք ինչի ենք ուզում հասնել: Հաշվի առնելով բարձրտեխնոլոգիական տնտեսություն զարգացնելու Հայաստանի ձգտումը՝ անհրաժեշտ է հասկանալ, թե այս գործում կարող են օգնել, ասենք, Տաջիկստանը կամ Բելառուսը»,- շեշտեց նա:

Փորձագետը նշեց, որ այս հարցում միակ քաղաքական ուժը, որը արտաքին քաղաքական կուրսում փոփոխություն է առաջարկում, «Մենք» դաշինքն է:

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան առաջիկա կիրակի: