Հայաստանում բիզնեսի նկատմամբ վստահություն չկա: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Փորձագետի խոսքով՝ մենք շարունակում ենք ապրել կոմպրոմատների «դարաշրջանում»: «Արամ Հարությունյանի գործի օրինակով, որին շատերն արդեն մեղավոր են համարում, կարելի է եզրակացնել, որ բնակչությունը դեռեւս այնպես է տրամադրված, որ բոլոր գործարարները հանցագործների հետ են ասոցացվում, իսկ բոլոր քաղաքական գործիչները ժողովրդին օլիգարխ են թվում»,- նշեց փորձագետը:
Քոչարյանը հավելեց, որ սա չափազանց վտանգավոր միտում է եւ կարող է բերել բիզնեսի նկատմամբ անվստահության: Երկրում, որտեղ տրանսֆերտները նույնքան են կազմում, որքան ամբողջ բյուջեն, անհրաժեշտ է բիզնեսի զարգացման համար համապատասխան մթնոլորտ ստեղծել, այլ ոչ թե՝ «անաշխատունակ պետության» կերպար»,- նշեց քաղտեխնոլոգը:
Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան առաջիկա կիրակի: Դեկտեմբերի 3-ին գլխավոր դատախազը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արձակված խորհրդարանին միջնորդություն է ներկայացրել պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին:





























