Արարատ քաղաքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկը հայտարարեց, որ իրենք պահանջում են քաղաքապետի հրաժարականը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս իրավիճակին մի քանի տեղ բախվել ենք: Առաջարկում ենք թեմաները չխախտենք: Մարալիկում շատ մանրամասն խոսել եմ այդ մասին: Ձեր տված թղթերը կուսումնասիրենք»: Նա հիշեցրեց, որ նման հարցերի լուծումն ինքն առաջարկել է՝ հավաքել համայնքի բնակիչների 50 տոկոս գումարած մեկի ստորագրությունը եւ դիմել կառավարություն:

Դիտարկմանը, թե այս հարցին շտապ որոշում է պետք, քաղաքապետի ամեն օրվա պաշտոնավարումը լրացուցիչ վտանգ է.  Փաշինյանն արձագանքեց. «Եկեք չշտապենք, այս հարցը հանգիստ է սիրում: Ես ժամանակին մասնակցել եմ իշխանափոխության տարբեր պրոցեսների, որոնք ձախողվել են: Հետո մենք ինքներս մեզ հարց տվեցինք՝ գուցե մենք ենք ինչ-որ բան սխալ անում: եւ 2013-ին որոշեցինք կանգ առնել, հասկանալ՝ ինչն ենք սխալ անում: Մենք ասացինք, որ մեկ անգամ ենք ժողովրդին իշխանափոխության հրավիրելու, որովհետեւ համարում ենք, որ մեկ շանս պետք է լինի: Որովհետեւ եթե ամեն անգամ կանչում ես ժողովրդին իշխանափոխության ու չի լինում, ժողովուրդ ասում է՝ սրանք անլուրջ մարդիկ են, ամեն շաբաթ-կիրակի իշխանափոխություն անել կլինի՞: Սա հիշեցի նրա համար, որ երբ մեզ կանչում էին՝ թե եկեք իշխանափոխություն անենք, ու մենք մերժում էինք, մեզ ասում էին՝ այս իշխանության ամեն օրը աղետ է Հայաստանի համար: Մենք ասում էինք՝ այո, աղետ է, բայց եթե փորձ անենք ու սխալվենք, դրանով երկարաձգում ենք իշխանափոխությունը»: