Մենք պետք է քաղաքակիրթ ճանապարհով մերժենք այն բոլոր տոտալիտար աղանդները, որոնք մարդուն զրկում են ազատությունից, ինքնուրույնությունից եւ ինքնիշխանությունից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արտաշատում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այո մենք պետք է դա անենք եւ դա պետք է լինի մեր հաջորդ կարեւորագույն խնդիրը»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօրվա նոր եւ ժողովրդավարական Հայաստանը պետք է փարոս դառնա նաեւ ծպտյալ հայերի համար, որ վերադառնան իրենց ինքնությանը, իրենց արժեքներին։

«Հայաստանը այդ պատմական առաքելությունը նույնպես պետք է իրականացնի։ Գիտեք շատ հուզիչ պատմություններ են պատմում՝ աշխարհի տարբեր երկրներում իրենց ինքնությունը կորցրած կամ համարյա կորցրած մեր եղբայրները՝ ոգեւորված Հայաստանի պետականության գոյությամբ, ոգեւորված դարակազմիկ փոփոխությունների այս ժամանակաշրջանով, նրանք քայլ առ քայլ վերադառնում են իրենց ինքնությանը եւ արմատներին, եւ ես ուզում  եմ մենք ծափողջյուններով ողջունենք նրանց։ Ես ուզում եմ նաեւ ողջունել մեր երկրում ապրող եզդիներին, ասորիներին, քրդերին, ռուսներին, որոնք 27 տարվա ընթացքում ապացուցել են իրենց հավատարմությունը Հայաստանի հանրապետությանը եւ հպարտորեն կրում են Հայաստանի քաղաքացու անձնագիրը։ Մենք նրանց ընդունում ենք որպես հարազատ եղբայրներ եւ տարբերություն չենք դնում եւ նոր Հայաստանը երջանկություն եւ ապահովություն է ապահովելու նրանց համար»,– ասաց Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը արտասանեց նաև այս մարզում՝ ներկայացնելով ծնունդով արարատցի Պարույր Սեւակի  «Հայաստան» բանաստեղծությունը։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Ընտրություններինմասնակցում է 11 քաղաքական կուսակցություն եւ դաշինք։