2018-ի ընթացքում ՀՀ-ից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլնդ դոլարով. սա նաեւ Վեդիի եւ ընդհանրապես Արարատի մարզի բնակիչների աշխատանքի արդյունքն է: Այս մասին Վեդիում քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ հաջորդ տարի իրենց խնդիրն է լինելու այդ ծավալը մեծացնելը:
«Մենք ունենք մի խնդիր՝ մեր գյուղատնտեսությունը չափից ավելի կախված է եղանակային պայմաններից: 21-րդ դարի տեխնոլոգիաները թույլ են տալիս որոշակի բերքի մակարդակ ապահովել»,– նշեց նա:
Անդրադառնալով գյուղմթերքի արտահանմանը՝ նշեց՝ պետք է ամեն ինչ անենք, որ ամեն տարի արտահանվող գյուղմթերքի ծավալներն ավելանան. «Շատ գնահատելի է այն ընկերությունների գործունեությունը, որոնք զբաղվում են գյուղմթերքի արտահանմամբ: Այդ ոլորտում ամենամեծ ընկերությունը «Սպայկան» է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ամեն տարի արտահանվող գյուղմթերքի ծավալներն ավելանան»:
Փաշինյանի խոսքով՝ պետք է ապահովել, որ այդ ոլորտում բոլոր ընկերությունները լինեն հավասար պայմաններում. «Այո՛, հարկային ստուգումներ էլ կլինեն, պետության առջեւ նրանց պարտավորությունների ճշգրտում կլինի, ոչ մեկն այս պրոցեսում չպետք է լարվի, բայց մենք այս պրոցեսում ոչ մի ընկերության համար բարդություն չենք ստեղծելու։ Երբ «Սպայկա» ընկերությունում ստուգում իրականացնելու անհրաժեշտություն է եղել, ես ասել եմ հետեւյալը, որ գյուղմթերքի արտահանումը մի կիլոգրամով անգամ չպետք է տուժի»։
Սակայն, Փաշինյանը շեշտում է՝ աշխատատեղը մարդու իրավունքները սահմանափակելու գործիք չպետք է դառնա, գործարանատերերը իրենց աշխատողներին չպետք է հարկադրեն որեւէ մեկին ընտրել կամ չընտրել. «Մենք սա ասում ենք գիծ քաշելու համար, բայց ես չեմ ուզում, որ այդ գործարարների ու ժողովրդի ու կառավարության միջեւ որեւէ նեգատիվ պահ առաջանա։ Մենք պարզ բան ենք ասում՝ բիզնես եք անում, խոշոր ներդրում եք անում, մենք դրա համար շնորհակալ ենք ձեզանից եւ մեր ուժերի ներածին չափով ամեն ինչով աջակցելու ենք ձեզ, մենք միայն մեկ պահանջ ունենք՝ մարդը, եթե աշխատում է ձեր գործարանում, դուք չպիտի նրան ասեք՝ սրան ընտրեք կամ սրան մի ընտրեք, առավել եւս եթե ասեք՝ պիտի գնաք «Իմ քայլը» դաշինքին ընտրեք, մենք որեւէ մեկի ապօրինի ծառայության կարիքը չունենք եւ ասում ենք, եթե նույնիսկ 6 ամիս հետո իմանանք ինչ–որ մեկը նման բան է արել, կզբաղվենք նրանով։ Այ սա կարմիր գիծ է»։
Փաշինյանը խոսեց նաեւ ռազմավարական ծրագրերի մասին՝ շեշտելով, որ առաջիկայում լուրջ ուշադրություն են դարձնելու ջրամբարաշինությանը. «Մենք ջրի պրոբլեմ չունենք, ունենք ջրի կուտակման եւ արդյունավետ օգտագործման խնդիր։ ՀՀ–ում ամեն տարի գոյանում է 7 մլրդ խոր. մետր ջրային պաշար, բայց մենք ամեն տարի գնում՝ Սեւանից ենք ջուր ուզում։ Առաջիկա տարիների մեր ռազմավարական ծրագիրը պետք է լինի ջրամբարների կառուցումն ու ցանցի որակը բարելավելը։ Այսօր ոռոգման համակարգում 80 տոկոս կորուստներ կան, որի մի մասը վստահաբար չարաշահում է։ Մենք արդեն Արտաշատ ՋՕ–ում ստուգումներ կատարելով շատ լուրջ չարաշահումներ ենք հայտնաբերել, որի մի մասի մասին դուք գիտեք։ Խողովակից «լեւի» խողովակ է քաշած ձեզ հայտնի մարդու այգիներ եւ կապ չունի ուրիշների այգիները չորանում են, թե չէ։ Այս հարցով մենք պետք է զբաղվենք»։
Վարչապետի պաշտոնակատարը շեշտում է՝ եթե կաթիլային ոռոգման համակարգի հարցն էլ լուծենք, «Հայաստանը կդառնա ծաղկուն դրախտավայր, արդեն դրախտավայր է»։ Նրա խոսքով՝ ջրամբարաշինությունը խթանելու համար պետք չէ խուսափել պետական պարտք վերցնելուց եւ դնելուց այդ վերահսկելի ոլորտում։





























