Համայնքների խոշորացումը սահմանամերձ համայնքներում թշնամու կողմից արված քայլ է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։

«Եկել են մարդկանց հետ ձեւական, իմիտացիոն քննարկում են արել, որի արդյունքում որոշել են, որ ճիշտ ա՝ դուք բոլոր համայնքների ղեկավարներով դեմ եք, բայց մենք գնում ենք, անում ենք խոշորացում»,–նշեց նա։

Մարուքյանը շեշտեց՝ տեղական ինքնակառավարման մասին օրենքի,  տեղական հանրաքվեի մասին օրենքի և Եվրոպական խարտիայի խախտումներով է իրականացվել համայնքների խոշորացումը։

«Եթե Շվեդիայում մի գաղափար լավ է եղել, գործել է, արդյունավետ է եղել, դա չի նշանակում, որ նույն արդյունքը կարող է տալ Շամշադինում, որտեղ ադրբեջանցիները կրակում են»,– հավելեց նա։

Համայնքապետի դիտարկմանը, թե իրենց չեն էլ հարցրել, Մարուքյանը նկատեց, որ դա գուցե լավ է, քանի որ այն համայնքներում, որտեղ մարդիկ դեմ են արտահայտվել, միևնույն է, խոշորացումն իրականացրել են. «Ձեր մոտ գոնե ընտրական ինստիտուտը չեն նվաստացրել»։

Մարուքյանը խոստացավ, որ ԼՀԿ–ն վերանայելու է համայնքների խոշորացման ծրագիրը, քանի որ դրա հետևանքով դատարկվում են համայնքները, փակվում են դպրոցները . «Ինչ–որ համայնքում դպրոցը կրճատում են, ասում են՝ երեխեքը կգնան կողքի դպրոցը, ոչ նայում են, թե ձմեռը ինչքան ձյուն ա նստում, երեխեքը ոնց կարան գնան, ինչով գնան, գյուղում էլ երկու մտավորական  ա ապրում, ուսուցիչ, դպրոցի տնօրեն, իրենք էլ թողում, գնում են։ Սա քիչ չի՝ արվել է ոչ սահմանամերձ համայնքներում, այլ նաև սահմանամերձ համայնքներում»։