Երեւանում դեկտեմբերի 3-ին անցկացվել է հաշմանդամություն ունեցող երեխաներին նվիրված «Ժպտա եւ ջերմացրու աշխարհը» միջոցառումը։ 2016 թվականից անցկացվող այս միջոցառման նախաձեռնության հեղինակը հայ հայտնի ակրոբատ Լիպարիտ Գրիգորյանն է։
Միջոցառմանը մասնակցող «Քաղաքացու որոշում» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու Հովհաննես Կարապետյանը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ պետական աջակցությունը հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի մակարդակի բարելավման հարցում շատ ցածր մակարդակի վրա է։ Նրա խոսքով՝ չնայած ինչ–որ ծրագրերի իրականացման փորձեր են արվում, բայց դեռեւս չենք կարող խոսել համակողմանի պետական աջակցության մասին. «Այս միջոցառման նպատակը նախ երեխաների համար օրը տոն դարձնելն է, ապա նաեւ հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների վրա հրավիրելն է»,–նշել է նա։
Պատգամավորի թեկնածուն որպես օրինակ հիշեց ՀՀ նախագահի խոսքերն այն մասին, որ Ալբերտ Էյնշտեյնը մինչեւ 5 տարեկանը չէր կարողանում խոսել, սակայն բոլորին հայտնի է, թե մեծանալով ով դարձավ նա։
«Ոչ թե սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդիկ պետք է պետական աջակցություն որոնեն, այլ պետությունը պետք է ծրագրեր իրականացնի հանրային կյանքում այդպիսի մարդկանց ինտեգրման համար»,–նշեց Կարապետյանը։





























