Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար այս շաբաթ 19 երկրներից Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մոտ 40 դիտորդներ:

ԵԱՀԿ դիտորդների կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող Պյոտր Օսուսկիի եւ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նախիմա Լանջրիի գլխավորությամբ դիտորդները մինչեւ ամբողջ երկրում ընտրությունների օրվա դիտորդական առաքելությունը  Երեւանում կմասնակցեն մի շարք հանդիպումների եւ ճեպազրույցների:

«Ես չեմ կարող գերագնահատել երկրում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու կարեւորությունը, որոնք վայելում են հայ ժողովրդի վստահությունը: Որպես միջազգային դիտորդներ, մենք ցանկանում ենք ներդրում կատարել մանրազնին գնահատելով՝  արդյոք ընտրություններն անցկացվում են Հայաստանի ժողովրդավարական պարտավորությունների համաձայն», - ասել է Օսուսկին:

Իր հերթին Լանջին ասել է, որ այս տարվա սկզբին դրամատիկ իրադարձություններն ու իշխանափոխությունը կարեւոր ֆոն են դարձել այս ընտրությունների համար`«եւ ես ուրախ եմ, որ քաղաքական ասպարեզը հիմա փողոցից տեղափոխվել է քվեարկության քվեատուփի մոտ»:

ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կտեղակայվեն ամբողջ Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եւ Եվրախորհրդարանի դիտորդների հետ:

Ընտրությունների դիտորդական առաքելության նախնական արդյունքները եւ եզրակացությունները կներկայացվեն դեկտեմբերի 10-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ: