Հայաստանի ռոբոտների բաց առաջնության՝ «ԱրմՌոբոտիքսի» շրջանակներում մարտի 4-ին եւ 5-ին տեղի կունենան «Գծին հետեւող ռոբոտ» եւ «Իրեր տարբերակող ու դասակարգող ռոբոտ» մրցույթները, որոնց մասնակցում է 9 թիմ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱրմՌոբոտիքս» ծրագրի մենեջեր Մարիամ Նահապետյանը։

Նրա խոսքով՝ այս տարի մրցույթներին կմասնակցեն ոչ միայն ուսանողներ, այլ նաեւ դպրոցականներից կազմված թիմեր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից եւ Պոլիտեխկինի դպրոց-վարժարանից։

Մ. Նախապետյանի խոսքով՝ դպրոցներիում ռոբոտաշինության նկատմամբ վերջին շրջանում լուրջ հետաքրքրություն է առաջացել։ Ներկայումս Պոլիտեխնիկի դպրոց- վարժարանում, ինչպես նաեւ «Քվանտ» վարժարանում  մեխանիկայի, էլեկտրոնիկայի եւ այլ դասընթացներ են իրականացվում։ Ներկայումս բանակցություններ են տարվում նաեւ «Անանիա Շիրակացի», «Ֆիզմաթ» դպրոցի եւ «Օհանյան» վարժարանի հետ՝ ռոբոտաշինությանը նվիրված դասընթացներ իրականացնելու ուղղությամբ։

Նշենք, որ աշնանը տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտ» մրցույթը, որի գրանցումը կհայտարարվի փետրվարի 25-ից, իսկ արդեն տարեվերջին կհայտարարվի նաեւ «Անօդաչու թռչող սարքեր»-ի մրցույթի գրանցումը, որին նախապատրաստվելու համար կանցկացվեն նաեւ աէրոդինամիկայի, ավիամոդելավորման դասընթացներ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը  կազմակերպում է 2008 թ. սկսած։