Մեր գլխավոր նպատակն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելը: Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ երկրների գագաթաժողովի նախաշեմին տնտեսական տեսաբան Նիկոլայ Կորժենեւսկուն տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է ՀԱՊԿ-ի եւ Հայաստանի դերի իր ռազմավարական տեսլականը:
«Ցավոք, մեր տարածաշրջանում այնքան էլ կայուն չէ: ՀԱՊԿ-ը անվտանգության համակարգ է: ՀԱՊԿ անդամ երկրները դե յուրե մեր ռազմավարական գործընկերներն են, եւ մեզ համար անչափ կարեւոր է փոխադարձ պարտավորությունները հաշվի առնելը:
Իհարկե, ռազմա-տեխնիկական եւ ռազմավարական իմաստով ՀԱՊԿ-ում մեր գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, սակայն մեզ համար շատ կարեւոր է նաեւ մեր մյուս գործընկերների դիրքորոշումների հստակեցումը, կոնկրետ ղարաբաղյան հակամարտության հարցում եւ մեր տարածաշրջանում անվտանգության առումով»,- նշել է Փաշինյանը:
«Ցավոք, երկար տարիներ մենք մի իրավիճակի ենք ականատես եղել, երբ ՀԱՊԿ շատ անդամ երկրներ միջազգային կազմակերպություններում հաճախ քվեարկել են Հայաստնաի շահերի դեմ: Խնդիրն այն է, որ մեր գործընկերները չեն կարող մեզ կշտամբել, որ մենք քվեարկում ենք իրենց շահերի դեմ:
Բայց եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, ապա պետք է մեր դիրքորոշումները ներդաշնակեցնենք, քանի որ մեզ մոտ այնքան էլ հասկանալի իրավիճակ չէ: Գուցե երբեմն պահանջներ են ունենում նաեւ մեր գործընկերները, բայց ես կարծում եմ, որ այս բոլոր հարցերը անհրաժեշտ է քննարկել եւ լուծել»,- շեշտել է նա:
Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, թե ինքը ինչպիսի մեխանիզմներ է պատկերացնում պարտավորությունների հստակեցման ներքո. «Դա երկխոսությունն է, բանակցությունները, մեր նիստերը, կազմակերպության քարտուղարության աշխատանքը»:
«Մեծ ուշադրություն կենտրոնացվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին, բայց ուզում եմ ասել, որ սա այսբերգի կատարն է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցը կամ անձը այնքան էլ կարեւոր հարց չէ: Առավել կարեւոր է կազմակերպության էությունը»,- տեղեկացրեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար շատ կարեւոր կազմակերպություն է, եւ գլխավոր նպատակն է ՀԱՊԿ հեղինակության բարձրացումը ոչ միայն քաղաքական, այլեւ ռազմավարական իմաստով: «Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս նպատակին հասնել»,- ամփոփել է նա:





























