Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը փետրվարի 16-18-ին այցելել է Սերբիա, որտեղ կառավարական պալատում իր հավատարմագրերն է  հանձնել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնումից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին քաղաքական երկխոսության խորացման, բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղիների վերաբերյալ: Զրույցն անցել է  բարեկամական, երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի գործնական քննարկման մթնոլորտում:

Դեսպան Ղալաչյանը Սերբիայի նախագահին է փոխանցել նախագահ Սարգսյանի ջերմ ողջույնները, ինչին ի պատասխան նախագահ Տադիչը խնդրել է իր բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի իր գործընկերոջը` նշելով, որ ջերմությամբ է հիշում 2009-ին Հայաստան կատարած իր այցը եւ սպասում է նախագահ Սարգսյանի պատասխան այցին:

Այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ է ունեցել Սերբիայի Ազգային Ժողովի նախագահ Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչի, իսկ Սերբիայի ԱԳՆ-ում` պետական քարտուղար, դեսպան Միրկո Ստեֆանովիչի, Ռուսաստանի եւ Եվրասիայի վարչության տնօրեն, դեսպան Գորան Ալեքսիչի, դիվանագիտական արարողակարգի ծառայության ղեկավարի հետ:

Գործնական եւ կառուցողական հունով ընթացած այս հանդիպումների ժամանակ կողմերը կարեւորել են երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցության հետագա ծավալումը, միջխորհրդարանային կապերի զարգացումը, իրավապայմանագրային դաշտի կայացումը, առեւտրատնտեսական, մշակութային, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում հարաբերությունների աշխուժացումը: