Ստեփանակերտի զորամասերից մեկում փետրվարի 12-ին 21-ամյա զինվոր Թորգոմ Սարուխանյանի մահվան գործով Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունը ձերբակալել է երեք զինծառայողների:Թորգոմ Սարուխանյանին (զորակոչվել էր Գյումրիի զինկոմիսարիատից) մեռած էին գտել հրազենային վնասվածքով:
Զինվորի մահվան փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» հոդվածով:
Մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես, ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանին, կրտսեր սերժանտ Հրանտ Կարապետյանին ու շարքային Ռոբերտ Բադալյանին:
Ենթասպային եւ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել իշխանության չարաշահման համար, իսկ շարքային Ռոբերտ Բադալյանը կասկածվում է նրանց այդ արարքներին դրդելու, նաեւ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ:
Թորգոմ Սարուխանյանի հարազատները, սակայն, չեն հավատում ինքնասպանության վարկածին եւ պնդում են, որ իրենց հարազատին ուղղակի սպանել են:





























