Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը (ՄՓՀՀՊ) վերացնելու ԱՄՆ-ի մտադրությունը նոր ռիսկեր է ստեղծում Եվրոպայի համար: Այդ մասին Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«ՆԱՏՕ-ի ընդլայնումը, դաշինքի ներուժի ավելացումն`այսպես կոչված արեւելյան թեւի վրա, Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության տեղակայումը, մտացածին պատրվակներով անօրինական պատժամիջոցները՝ այս ամենը հանգեցրեց եվրաատլանտյան տարածաշրջանում վստահության ճգնաժամին», - ասել է Լավրովը:
«Նոր վտանգներն առաջանում են եւս մեկ միջազգային պայմանագիր՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը թաղելու ԱՄՆ մտադրությունից», - հավելել է նա:
Նրա խոսքով այսօր ՀԱՊԿ-ն այդ կապակցությամբ հատուկ հայտարարություն է ընդունել, որը տարածվում է որպես ԵԱՀԿ փաստաթուղթ:





























