Դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ԵԱՀԿ նախարարական համաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ նախարարական 25-րդ համաժողովի օրակարգային հարցերի եւ դրանց վերաբերյալ դիրքորոշումների համադրման շուրջ, անդրադարձան համաժողովի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի, ՀԱՊԿ անդամ-պետությունների առաջնահերթություններին, նրանց նախաձեռնություններին եւ դրանց փոխադարձ սատարմանը:

Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում կարեւորեց կառույցի արդյունավետության բարձրացման համար շարունակական քայլերի ձեռնարկումը՝ ուղղված դաշնակցային համերաշխության սկզբունքների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացմանը:

Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը բարձր գնահատեց ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումների այս ձեւաչափը, ինչը եւս մեկ հնարավորություն է անդրադառնալու կառույցի առջեւ ծառացած խնդիրներին, քննարկելու միջազգային հարթակներում անդամ-պետությունների արտաքին քաղաքականության համադրման հարցեր:

Նախարարներն անդրադարձան նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթացի նախաձեռնությամբ ՀԱՊԿ շրջանակներում մեկնարկած խորհրդակցությունների ընթացքին: