Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ցուցարարների եւ ոստիկանների բախումների արդյունքում 8 մարդ է տուժել:

Ուրբաթօրյա աղոթքից հետո Ամմանում են հավաքվել մի քանի հարյուր երիտասարդներ, որոնք բարեփոխումների պահանջներով կոչեր են հնչեցրել: Ոստիկանության տվյալներով, ընդդիմադիր տրամադրություն ունեցող երիտասարդները բախվել են իշխանամետ ակցիայի մասնակիցների հետ, ովքեր ակցիա էին իրականացնում քաղաքի նույն շրջանում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  

Ընդդիմադիրները պնդում են, որ ռեժիմի կողմնակիցները հարձակվել են իրենց վրա եւ սկսել են փայտերով խփել, որի հետեւանքով 8 մարդ վնասվածքներ է ստացել: Տուժածների շարքում է հայտնի հորդանանցի լրագրող Մոավաֆաք Մահադինն ու իր որդին:

Բողոքի զանգվածային ակցիաները Հորդանանում սկսվել են մի քանի շաբաթ առաջ, բայց մինչ օրս կողմերը բռնության չեն դիմել:

Նշենք, որ այս շաբաթ, մինչ Եգիպտոսի ժողովուրդը տոնում էր հեղափոխության հաղթանակը, նրանց օրինակից ոգեւորված բողոքի ակցիաներ են տեղի ունենում Իրանում, Եմենում, Լիբիայում եւ Բահրեյնում: