«ԱրմենՏել» ընկերությունը դարձել է Հայաստանի Նկարիչների  միությունում բացված երիտասարդ ստեղծագործողների Հանրապետական Երրորդ  մրցույթ-ցուցահանդեսի գործընկեր:  

Երիտասարդ ստեղծագործողների Հանրապետական Երրորդ մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է սիրո և երիտասարդության տոնին: Ցուցահանդեսն անցկացվում է ամեն տարի Սիրո արագահաս բարեխոս Սբ. Սարգսի օրը: Միջոցառման նպատակը Հայաստանում և արտասահմանում հայկական գեղարվեստական և մշակութային արժեքների պահպանումն ու տարածումն է: Ցուցահանդեսին ներկայացված երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները նվիրված են սիրո թեմային:

«Հետամուտ լինելով բիզնեսի սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է աջակցել տաղանդավոր երիտասարդներին, նպաստելով նրանց ստեղծագործ զարգացմանը և խրախուսելով նախաձեռնությունները` հանուն Հայաստանի», - ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

Լավագույն աշխատանքների մրցույթը կանցկացվի 4 անվանակարգում` գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակագործություն և դեկորատիվ-կիրառական արվեստ: Յուրաքանչյուր անվանակարգում կտրվեն մրցանակներ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար:

Ցուցահանդեսն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչն է «Աշխարհի Հայ նկարիչների Միավորումը»: