Մեր բոլոր մարզպետները, բացի մեկից, թեկնածու են եւ քարոզարաշավ են իրականացնում օրենքով սահմանված կարգով. անտրամաբանական կլիներ, որ նրանք աշխատեին այլ ուժի օգտին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, իր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ մարզպետները զբաղված են իրենց քարոզչությամբ:

Փաշինյանը նշեց, որ մարզպետները արձակուրդում են եղել այս ընթացքում, նաեւ հավելեց, որ նորություն չէ, որ մարզպետը կարող է լինել պատգամավոր թեկնածու, իսկ օրենքը դա չի արգելում:

Դիտարկմանը, որ ինքը ժամանակին հայտարարում էր, որ գործարարները ճամպրուկներով փողեր են տարել Սերժ Սարգսյանին, ինչու այդ հարցով քրգործեր չեն հարուցվել, Փաշինյանն արձագանքեց. «Ես մի քիչ էդպես չասացի: Դա եւս մեկ ապացույց է, որ քննչական մարմինները գործում են ոչ թե ըստ իմ հայտարարությունների, այլ ըստ իրենց ձեռքի տակ եղած փաստական տվյալների»: