Դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ քվեարկող երիտասարդները հատուկ կրծքանշան են ստանում՝ Հայաստանի պետական դրոշի ֆոնին «Ես քվեարկել եմ առաջին անգամ» գրառումով:
Թիվ 1/20 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ագապի Թոքմեյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչեւ 14.00 այսպիսի կրծքանշաններ են ստացել արդեն 5 քաղաքացիներ, որոնցից երեքը զինծառայողներ էին:
«Երբ քաղաքացին գրանցվում է ընտրությանը մասնակցելու համար, մեր աշխատակիցները հետաքրքրվում են՝ առաջի՞ն անգամ են արդյոք քվեարկում: Եթե այո, ապա քվեարկությունից հետո մենք երիտասարդին այդպիսի կրծքանշան ենք տալիս»,- ասաց Թոքմեյանը:
NEWS.am-ի թղթակիցները նույպիսի կրծքանշաններ էին տեսել նաեւ այլ ընտրական տեղամասերում:
Բժիշկ Անդրոնիս Ղարիբյանը, որը 10/27 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քվեատուփի մոտ գտնվող աշխատակցին զգուշացրել է, որ նա հետաքրքրվի՝ քաղաքացիներից ով է առաջին անգամ քվեարկում: «Նա սկսեց հարցնել 70+ բոլոր մարդկանց»,- գրել է բժիշկը:



























