Ես կանխատեսել եմ 70+ տոկոս այս ընտրություններում: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի շտաբում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
«Դեռ ավարտված չի, կհետեւենք մինչեւ վերջ եւ մեր գնահատականը կտանք: Ես ավելի շատ այս արդյունքները տեսել եմ իմ քայլարշավի ժամանակ, երբ մեր քաղաքացիների մեծամասնությունը հանձնել են մեզ: Այստեղ ոչ մի անակնկալ չկա: Անակնկալն այն է, որ ՀՀԿ-ն դեռ մի փոքր շանս ունի: Հուսամ, որ մինչեւ վերջ ամփոփելով չենք ունենա այն պատկերը, ինչպիսին որ այս պահին է»,-ասաց նա:
Անդրադառնալով ընտրություններին ցածր մասնակցությանը (շուրջ 48 տոկոս), Դավիթ Սանասարյանն ասաց. «Եթե համեմատություն ենք տանում նախորդ ընտրությունների հետ, այն ժամանակ մարդկանց ձեռքից բռնած տարել են ընտրատեղամաս: Հիմա դա չի եղել, չեն աշխատել «Գազելները»: Քաղաքացիները վստահ են եղել, որ ամեն ինչ լավ է լինելու եւ չեն եկել ընտրության: Այնպես որ, սա նորմալ արդյունքներ են»:
Դիտարկմանը, որ նախկինում քաղաքական ուժերը ձգտում էին, որ անցնեն խորհրդարան, հիմա դուք պայքարում եք, որ ՀՀԿ-ն չանցնի խորհրդարան, Սանասարյանն ասաց. «Ես նման պայքար չեմ տարել: Քաղաքացիների համար ցանկալի չի, որ ՀՀԿ-ն անցնի խորհրդարան: Ես 204 կմ քայլել եմ թիվ 4 ընտրատարածքում եւ ամենուր մեզ ասել են՝ դրանց ձայնը կտրեք: Ես էլ ասել եմ, որ ոչ թե եմենք պետք է կտրենք, այլ դուք պետք է ընտրատեղամասում կտրեք: Մարդիկ մինչեւ այստեղ զզված են եղել ՀՀԿ-ից ու սա նորմալ պատկեր է»:
Հարցին, թե արդյոք օգտակար կլինի իշխանության համար, եթե ՀՀԿ-ն չլինի խորհրդարանում որպես ընդդիմություն, նա արձագանքեց. «Այլ ընդդիմադիրներ էլ կան: Մենք ՀՀԿ-ի ձայնը չենք կտրում, դա ընտրողներն են կտրում»:
Նա նշեց, որ ՀՀԿ-ին ստացած քվեները հենց այն իրական պատկերն է, որը եղել է տարիներ շարունակ, սակայն ՀՀԿ-ն իր ուզած թվերն է նկարել:



























