ԱՄՆ-ի հարավ-արեւելքում հայտնաբերվել է 4 մարդու մարմին: Նրանց մահը կապում են ձյունամրրիկի հետ, որը մոլեգնում է երկրի այդ հատվածում: Բացի այդ, վատ եղանակի պատճառով հազարավոր չվերթներ չեղարկվել են, գրում է NBC News-ը:

Հաղորդվում է նաեւ, որ վատ եղանակի պատճառով հարյուրավոր տներ եւ ձեռնարկություններ առանց էլեկտրականության են մնացել:

ԱՄՆ-ի Եղանակի ազգային ծառայությունը հաղորդում է, որ ձյունամրրիկը կիրակի ցերեկը սկսել  էր մոլեգնել  Հյուսիսային Կարոլինա նահանգում, հասել Թենեսի, Արեւմտյան Վիրջինիա եւ Հարավային Կարոլինա:

Ձյունե ծածկույթի առավելագույն բարձրությունը նկատվել է  Վիրջինիայում եւ կազմել 18 դյույմ:

Յորք քաղաքում՝  Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայի սահմանին երեք երիտասարդ տղամարդկանց մարմիններ են հայտնաբերվել, որոնք ենթադրաբար շմոլ գազից են թունավորվել:

Հյուսիսային Կարոլինայում մրրիկից հետո ճանապարհի վրա ծառ է ընկել, որը սպանել է մեքենայի վարորդին:

Եվս երկու մարդ ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: