Ավստրալիայի վերահսկիչ մարմինները Facebook եւ Google ընկերությունների նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն են պահանջում, հաղորդում է dw-ն՝ հղում անելով Սպառողների իրավունքների պաշտպանության ավստրալական հանձնաժողովին (ACCC):

Կառավարությունը մտադիր է նոր կարգավորող մարմին ստեղծել, որը կստուգի ամերիկյան տեխնոլոգիական հսկաների գերիշխող դերը օնլայն գովազդի եւ լրատվական շուկայում: Լրացուցիչ ստուգումը անհրաժեշտ է համոզվելու համար, որ գովազդատուների հետ արդարացի են վերաբերվում, եւ լրատվության հասանելիությունը առանց դժվարությունների հնարավոր է:

Facebook-ը եւ Google-ն այս կապակցությամբ դեռ հայտարարությամբ հանդես չեն եկել, սակայն երկու ընկերությունները նշել են, որ պայքարում են  կեղծ նորությունների դեմ:

ACCC-ի ղեկավար Ռոդ Սիմսը նաեւ հայտնել է, որ ներկայումս գերստեսչությունը 5 հետաքննություն է անցկացնում:

Այս հարցի վերաբերյալ ACCC-ին  հայտարարություն հրապարակելու հրահանգը տրվել է Ավստրալիայի կառավարության կողմից: Այս գործողությունների պատճառը լրագրության ապագայի եւ նորությունների որակի մասին աճող մտահոգությունն է` մի շարք խմբագրություններում աշխատատեղերի կրճատման եւ ոլորտում եկամտաբերության նվազման լույսի ներքո: