Գյումրու զինկոմիսարիատից ազգային բանակ զորակոչված ու Գյումրիի Անի թաղամասում բնակվող Թորգոմ Սարուխանյանի մահվան առնչությամբ 3 հոգի արդեն ձերբակալվել են: 22-ամյա Թորգոմը մահացել էր բանակում` խաղաղ պայմաններում, իսկ միակ վարկածն առայժմ ինքնասպանությունն է:
Թորգոմի հարազատները սակայն ոչ մի կերպ չեն հավատում հնարավոր ինքնասպանության վարկածին : «Թորգոմը մարդու այն տեսակն էր, ով իր վրա երբեք ձեռք չէր բարձրացնի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է մահացած զինվորի տատը եւ հավելել. «Պայքարելու ենք մինչեւ վերջ, որ մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը»:
Դդատաբժշկական եզրակացությունը ծնողները դեռեւս չեն ստացել, ինչը, ըստ նրանց, նշանակում է, որ թաքցնում են մահվան իրական պատճառները: Ըստ հարազատների` նշվում է, որ Թորգոմը մահացել է հրազենից սրտին արձակված կրակոցից սակայն ուշադրություն անգամ չեն դարձնում հարազատների այն դիտարկմանը, որ 22-ամյա երիտասարդի դեմքին եղել են այտուցներ ու կապտուկներ: «Նրա աջ աչքի կոպի վերեւում այտուց է եղել, իսկ այտին` կապտուկի հետքեր, գլխի վրա նկատվել են արյան հետքեր ու սա նախքան դիահերձարան տանելը»,- ասում է Թորգոմ Սարուխանյանի մորեղբայրը: Նրանք նշում են նաեւ, որ դատաբժշկական եզրակացությունը չեն ստացել. այն ուշանում է: Իսկ Թորգոմի մայրը` Լենա Սարուխանյանը համոզված նշում է , որ տղային սպանել են:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ստեփանակերտի զորամասերից մեկում փետրվարի 12-ին 21-ամյա զինվոր Թորգոմ Սարուխանյանի մահվան գործով Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչությունը ձերբակալել է երեք զինծառայողների:
Զինվորի մահվան փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» հոդվածով:
Մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես, ենթասպա Վիլհելմ Ենգիբարյանին, կրտսեր սերժանտ Հրանտ Կարապետյանին ու շարքային Ռոբերտ Բադալյանին:
Ենթասպային եւ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել իշխանության չարաշահման համար, իսկ շարքային Ռոբերտ Բադալյանը կասկածվում է նրանց այդ արարքներին դրդելու, նաեւ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ:





























