Բահրեյնի բանակը դուրս է բերել զրահատեխնիկան մայրաքաղաք Մանամայի գլխավոր հրապարակից: Այդ մասին փետրվարի 19–ին հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի բլոգը` վկայակոչելով ականատեսներին: Reuters-ի տվյալներով` տանկերի դուրս բերումից հետո բողոքի ակցիաների մասնակիցները փորձել են վերադառնալ հրապարակ, սակայն ոստիկանությունը նրանց ցրում է արցունքաբեր գազի միջոցով: Մարտական փամփուշտներ նրանց նկատմամբ չեն կիրառվում:

Բահրեյնի արքայազնը հայտարարել է, որ ռազմական ստորաբաժանումներին հրամայել է թողնել Մանաման եւ նախազգուշացրել է, որ քաղաքում կարգուկանոնը կապահովվի ոստիկանության ուժերով: Նախօրեին Բահրեյնի թագավոր շեյխ ալ Խալիֆը որդուն հանձնարարել էր բանակցություններ վարել երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ:

Բողոքի զանգվածային ակցիաները, որոնք վերածվեցին անկարգությունների, Բահրեյնում սկսվել էին փետրվարի 14-ին: Հակակառավարական ելույթների ընթացքում զոհվել էր չորս մարդ: