Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 19-ին Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի եւ դրամավարկային կոմիտեի անդամների հետ:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են գնաճի ներկա զարգացումների առանձնահատկությունները, գնաճը պայմանավորող հիմնական գործոնները, այդ թվում` միջազգային ապրանքային շուկաներում պարենային եւ հումքային ապրանքների գների միտումները եւ ազդեցությունը ներքին ապրանքային շուկաների վրա:

Կարեւորվել են գնաճի զսպման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, այդ թվում` դրամավարկային քաղաքականության դերն ու հնարավոր ազդեցությունները: Դիտարկվել են նաեւ աշխարհում դրամավարկային քաղաքականության ժամանակակից մարտահրավերները, քաղաքականությունների հնարավոր ճշգրտման ուղղությունները եւ այս զարգացումների հնարավոր ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: