Նոր խորհրդարանում կբացակայի իրական ընդդիմությունը: Դեկտեմբերի 12-ին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» կուսակցությունից պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

 Նրա խոսքով,  «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը» միայն պաշտոնապես են ընդդիմադիր:

«Խորհրդարանական համակարգի դեպքում քաղաքական ուժը, որը իշխող կուսակցության հետ կոալիցիայի կազմում չէ, ընդդիմադիր է: Սակայն հասկանալի է, որ գաղափարական տեսանկյունից խորհրդարանական մեծամասնությանը  ըստ էության ոչ մի հակակշիռ չի լինի:

Խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում ավելի շատ պետք է խոսել այլընտրանքային ուժի մասին, քան ընդդիմության», - ասաց նա:

Գրիգորյանի գնահատմամբ՝ առաջ «Իմ քայլը» դաշինքից հնարավոր չէր ինչ-որ լուրջ արդյունքների սպասել, քանի որ դա միայն շարժում էր, սակայն ընտրություններից եւ կայուն մեծամասնության ձեւավորումից հետո, նոր Կառավարությունը պետք է իրական գործողությունների անցնի:

«Հենց կառավարության արդյունավետ աշխատանքից է կախված լինելու Նիկոլ Փաշինյանի գլխավորած  քաղաքական ուժի  լեգիտիմության հետագա աստիճանը, հաշվի առնելով այն փաստը, որ նրա թիմի շատ անդամներ վարչական փորձի պակաս ունեն», - ասաց նա:

Նա ավելացրեց, որ այժմ կարող ենք արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում ակնկալել, այդ թվում Իրանի հետ հարաբերությունների հարցով`ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը ընտրություններում 2 տոկոսից քիչ քվեներ է ստացել: