Քուվեյթում տեղի է ունեցել զանգվածային ցույց, որը կազմակերպել են երկրի քաղաքացիություն չունեցող բնակիչները`բողոքելով իրենց իրավազուրկ վիճակից:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` ոստիկանության հետ բախումների ժամանակ տուժել է առնվազն 30 մարդ: Ըստ տեղեկությունների` բազմամարդ հանրահավաքը անցկացվել է Էլ Ջահրա նահանգում: Մասնակցել է մոտ հազար մարդ: Նրանց մեծ մասը եղել են բեդվիններ, որոնք քոչվոր կյանք են վարում: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են քաղաքացիության տրամադրում, ինչպես նաեւ աշխատանքի, անվճար կրթության եւ առողջապահական սպասարկման  իրավունք, որոնք հասանելի են Քուվեյթի սովորական քաղաքացիներին:

Նշվում է, որ ոստիկանները ցուցարարներին ցրել են ջրցաններով եւ արցունքաբեր գազով, ավելի քան 50 մարդ ձերբակալվել է: Քուվեյթի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ցուցարարները քարերով խփել են ոստիկաններին եւ չեն կատարել նրանց պահանջները: