Մոտակա օրերին արտախորհրդարանական ուժերը հանդես կգան ընդդիմադիր դաշինք ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) ղեկավար Արամ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, հայտնեց, որ մի շարք կուսակցություններ իրար հետ արդեն բանակցություններ են վարում։

«Եթե իշխանությունները ցանկանան, մենք կօգնենք նրանց, հակառակ դեպքում՝ կդառնանք  ընդդիմություն»,–նշեց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ նորընտիր խորհրդարանում ընդդիմություն չկա։

Նրա խոսքով՝ որքան էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը կրկնի, թե իրենք ընդդիմություն են լինելու, հարց է ծագում, թե ինչպես են դա անելու. «Նրանք, լավագույն դեպքում, կարող են վերահսկել, քանի որ գաղափարախոսական եւ ծրագրային տեսանկյունից նրանք ընդդիմություն չեն»,–կարծիք հայտնեց քաղաքական գործիչը։

Հարցին՝ որ ուժերը ներառված կլինեն դաշինքում, Սարգսյանն ասաց, որ կուսակցությունների միջեւ պայմանավորվածություն կա, որ ամեն քաղաքական ուժ առանձին հայտարարությամբ հանդես գա։  

Այսպես, նրա խոսքով, Պարույր Հայրիկյանի գլխավորած «Ազգային ինքնորոշում» միավորումը արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ. «Այժմ ես եմ հայտարարում։ Նախաձեռնող խմբում կան նաեւ 3–րդ եւ 4-րդ ուժեր։ Հետագայում նրանց կմիանան եւս մի քանիսը»,–եզրափակեց նա։