Իրանական երկու ռազմանավ փետրվարի 21-ին կանցնի Սուեզի ջրանցքը` շարժվելով դեպի Միջերկրական ծով: Այդ մասին հայտնել է ջրանցքի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ` Եգիպտոսի իշխանությունները դրական պատասխան են տվել Կահիրեում իրանական դիվանագիտական ներկայացուցչության` ջրանցքով նավերի անցման թույլտվության վերաբերյալ հարցմանը: Իրանական ռազմածովային ուժերի նավերը Սուեզի ջրանցքը չէին հատել 1979թ. Իսլամական հեղափոխությունից ի վեր:
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն արդեն հայտարարել է, որ իրանական ռազմանավերի անցումը դեպի Միջերկրական ծով «սադրանք է, որը ցույց է տալիս, որ իրանցիների ինքնավստահությունն ու հանդգնությունն օրեցօր աճում է»: Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի անհանգստությունը հարուցել է հատկապես այն փաստը, որ իրականան նավերն ուղղվելու են դեպի Սիրիա, որի հետ Իսրայելը պաշտոնապես պատերազմական վիճակում է գտնվում:
Եգիպտական հեռուստատեսությունը հաղորդել է, որ ռազմանավերի վրա զանգվածային ոչնչացման զենքեր չկան: Ներկայումս իրանական Alvand ֆրեգատը եւ օժանադակ Kharg նավը Կարմիր ծովի միջազգային ջրերում են:
Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ները հունվարին հաղորդել էին Իրանի ռազմածովային ուժերի տարեկան ուսումնական երթի մասին, որը նախատեսում է նաեւ անցում Սուեզի ջրանցքով:





























