Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լուռ բողոքի ակցիա է տեղի ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։
Ցուցարարները պահանջում են վերջ դնել Հայաստանի քաղաքացիների վրա ռուսական ռազմաբազայի զինծառայողների հարձակումներին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2–ին Գյումրիում սպանվել է Ջուլիետա Ղուկասյանը։ Նրան ծեծելով սպանելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի մի զինծառայող։
Ցուցարարներն իրենց հետ բերել էին «Մի՛ լակիր, մի՛ հարվածիր կանանց» գրությամբ պաստառ։
«Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ ռուսական ռազմական բազայի զինծառայողները հանցանք են կատարում Հայաստանի քաղաքացիների հանդեպ։ Ամեն անգամ այս դեպքերը Ռուսաստանի դեսպանության կողմից առանց համապատասխան արձագանքի են մնում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։
Նա հիշեցրեց, որ ամենաողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2015թ․, երբ Գյումրիում հարձակում էր կատարվել Ավետիսյանների ընտանիքի վրա։
«Ինչպես տեսնում ենք, նույնիսկ 2015թ․ ողբերգական դեպքից հետո, Հայաստանի քաղաքացիների վրա ռուսաստանցի զինծառայողների հարձակումները շարունակվում են»,- ընդգծեց նա։











