Իրանական երկու նավերի անցումը Սուեզի ջրանցքով հետաձգվել է 48 ժամով, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ջրանցքի ղեկավարությունը:

Իրանական ֆրեգատի եւ ուղեկցող նավի անցումը նախատեսված էր երկուշաբթի վաղ առավոտյան:

Իրանական պետական «Ալ-Ալամ» հեռուստաալիքը ավելի վաղ հայտնել էր, որ իրենց նավերը հատել են ջրանցքն ու ուղեւորվել Սիրիայի ուղղությամբ, բայց ջրանցքի ղեկավարությունը հերքել է այդ տեղեկությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրանական ռազմածովային ուժերի նավերը չեն հատել ջրանցքը սկսած 1979թ.:

Նավերի հնարավոր անցումը հարուցել էր Իսրայելի անհանգստությունը, քանի որ նավերն ուղեւորվում են Սիրիա, որի հետ Իսրայելը գտնվում է ֆորմալ պատերազմական դրության մեջ: