Հայաստանում բիոլաբորատորիաները բացառապես քաղաքացիական նշանակության են: Դեկտեմբերի 20-ին ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բիոլաբորատորիաները բազմիցս լրատվամիջոցներում քննարկման առարկա էին դառնում, իսկ վերջերս կրակին յուղ ավելացրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի  հայտարարությունը:

ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ Հայաստանի տարածքում գտնվող բիոլաբորատորիաները վերահսկվում են հայկական կողմից, այնտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետները, իսկ լաբորատորիաները բացառապես քաղաքացիական նշանակության են: Այսինքն՝ Հայաստանի դեպքում զինվորականների ներկայության կարիք չկա եւ Հայաստանը երրորդ երկրների զինվորականների տեղակայման մասին որեւէ բանակցություն չի վարում: Ռազմական ներկայության մասին խոսք չի գնում, ընդգծեց մամուլի քարտուղարը: