Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 20-ի որոշմամբ 95,8 մլն դրամ սուբվենցիա հատկացրեց 8 մարզերի 10 համայնքների 13 ծրագրերի համար:
Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով, այդ գումարի մեջ պետության համաֆինանսավորման մասը կազմում է 95,8 մլն դրամ, իսկ ընդհանուր ծրագիրը կազմում է 236,88 դրամ:
ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը:
Խոսքը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի եւ Կոտայքի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին է:
Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը եւ գիշերային լուսավորության անցկացմանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այդ ծրագրերով ինչ է արվել, ինչ է կառուցվել, ինչին Պապիկյանը պատասխանեց. «Խոսքը վերաբերում է սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքներին, սկսած ճանապարհներից, ջրագծերից: խոսքը վերաբերում է մանկապարտեզներին, դպրոցներին, ջջեռուցմանը, վերանորոգմանը»: Նա հավելեց, որ այս աշխատանքների վերահսկման առումով պետությունն անելիք ունի:
Իր հերթին տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ասաց, որ իրենք ճանապարհների մասով ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքում որակի հետ կապված խնդիրներ են բացահայտել. «Մենք այս տարի աննախադեպ չափի ու քանակի պահումներ ենք իրականացրել ճանապարհային շինարարության ոլորտում եւ դեռ իրականացնելու ենք: Որոշո շինարարներ նույնիսկ «սեւ ցուցակներում» են հայտնվելու իրավական ընթացակարգերով: Շուրջ 300 մլն դրամի միայն ճանապարհ նորից վերանորոգվել է, որովհետեւ չի համապատասխանել սահմանված որակներին:
Մենք որակի առումով կտրուկ աճ ունենք, բայց դեռ բավարար չէ: Լինում են դեպքեր, որ ընդհանրապես գումարը չենք տալիս, ճանապարհը չենք ընդունում»:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ եթե պետությունը փող է ծախսում, ճանապարհ է նորոգում եւ այն չի ծառայելու այնքան, որքան նախատեսված է, նշանակում է երբեք ճանապարհների հարցը չենք լուծելու:
«Այստեղ ամենաբարձր չափանիշները պետք է դրվեն եւ որեւէ կոմպրոմիս չպետք է լինի: Հայնտնի ժամանակներից ձեզ հայտնի է, որ ճանապարհները ամենահարմար տեղն են ձեզ հայտնի մեխանիզմները գործարկելու համար: Չարաշահումների դեպքերը պարտադիր պետք է ուղարկվեն իրավապահ մարմիններին»,-ընդգծեց նա:











