Amazon-ի օգտատերը, ով Գերմանիայից է, հայտ է ներկայացրել ընկերությանը՝ ստանալու համար այնտեղ պահպանվող իր գործողությունների, գնումների եւ տեղափոխությունների մասին տեղեկատվությունը։ Ստացված zip-արխիվում նա հայտնաբերել է ուրիշի խոսակցության 1,7 հազար ձայնագրությունները, որոնք արվել են Amazon-ի ձայնային օգնական Alex-ի կողմից՝ տեղեկացնում է Engadget-ը։

Անհատական տվյալների պաշտպանության նոր օրենքով Եվրոպայի օգտատերերը հայտով կարող են տեղեկատվություն ստանալ իրենց մասին, որի մեջ իրոք գաղտնի տվյալներ կան, օրինակ՝ գեոլոկացիայի մասին, որով կարելի է որոշել մարդու բնակության եւ աշխատանքի վայրը։

Տղամարդը, ում անունը չի նշվում, անծանոթ մարդու ձայնագրությունները ստանալուց հետո դիմել է Amazon-ի սպասարկման կենտրոն, սակայն պատասխան չի ստացել։ Որոշ ժամանակ անց ֆայլի ներբեռնման հղումն անհասանելի է դարձել, սակայն օգտատերն ամեն ինչ պահպանել է իր համակարգչի վրա։

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները պատմել են այդ դեպքի մասին, Amazon-ի ներկայացուցիչը խոստովանել է իրենց մեղքը՝ այն անվանելով «եզակի դեպք եւ մարդկային սխալ»։