Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները, որոնք այսօր առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում նաշարարությունների շենքի մոտ, երթով շարժվեցին դեպի կառավարության շենք: Նրանք բողոքում են այս երկու նախարարությունները լուծարելու կառավարության մտադրության դեմ:
Մշակույթի նախարարության Մամուլի, գրական հարցերի համակարգող Տաթեւիկ Սուքիասյանը նշեց, որ իր խորին համոզմամբ, այդ որոշման կայացմանը մասնակցել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ. «Այս որոշումը շտապողականության արդյունք է: Կոչ ենք անում վարչապետին հետ կանգնել այս քայլից»,-ասաց նա՝ հավելելով, որ մշակույթի նախարարի պաշտոնական Լիլիթ Մակունցի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է եղել հիմնավորում ներկայացնել վարչապետին, թե ինչու է մշակույթի նախարարությունը լուծարելու որոշումն անհիմն:
Իսկ հակառակը եղե՞լ է, որեւէ մեկը հիմնավորե՞լ է, թե ինչու չպետք է լինի Մշակույթի նախարարությունը: Մենք պահանջում ենք, որ մեր վարչապետը, որին դեռ հավատում ենք իջնի ներքեւ, որ անձամբ փոխանցենք իրեն ուղղված մեր նամակը:
Եթե խնդիր կա, որ որեւէ կառույց լավ չի աշխատում, կամ հաստիքների ավելցուկ կա, մենք առաջարկում ենք, որ փորձագիտական խումբ ստեղծվի եւ յուրաքանչյուր աշխատողի գործառույթները, կատարված աշխատանքը փաստերի հիման վրա փաստարկվի, ոչ թե բամբասանքների հիման վրա որոշում կայացվի՝ ասելով, որ մշակույթի նախարարությունում սուրճ են խմում:
Անհիմն, առանց փաստերի, բյուջեում ինչ-որ միջոցներ խնայելու համար գնալ զանգվածային կրճատումների, հանցագործություն է: Վարչապետը, որ միշտ խոսել է ներգաղթը խրախուսելու մասին, այս որոշումով արտագաղթ է լինելու»,-ասաց նա:
Արդեն կառավարության շենքի մոտ ցուցարարները իրենց նամակը հանձնեցին կառավարության ներկայացուցչին՝ ասելով. «Խնդրում ենք մինչեւ երկուշաբթի առավոտյան պատասխան տրվի: Հանդիպում ենք պահանջում վարչապետի հետ: Եթե մեր խնդրանքին ընթացք չտրվի, պատրաստ ենք գործադուլ անել, նստացույց էլ կանենք»:
Նամակը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները ցրվեցին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։ Որպես առանձին գերատեսչություններ շարունակելու են գործել ֆինանսների, արդարադատության, առողջապահության ու բնապահպանության նախարարությունները։




























