Հանրահայտ «Human Rights Watch» եւ «Իրանում մարդու իրավունքների համար պայքարի միջազգային արշավ» իրավապաշտպան կազմակերպությունները երեկ տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ այս տարվա հունիսի 12-ի ընտրություններից հետո Իրանում ծայր առած բողոքի ցույցերը ցրելու նպատակով իշխանությունների ձեռնարկած գործողությունների հետեւանքով առնվազն 72 մարդ է զոհվել։

Այդ կազմակերպությունները պնդում են, որ իշխանությունները «ոչ իրավաչափ եւ մահացու ուժ են գործադրել» խաղաղ ցուցարարների դեմ, կալանավորված ընդդիմադիրներին ենթարկել են երկարատեւ մեկուսացված բանտարկման, հարկադրաբար ցուցմունքներ են կորզել։

Իրավապաշտպանները նաեւ հիշատակել են «կալանավորվածների խոշտանգման եւ բռնաբարությունների դեպքերի մասին պնդումները» եւ ՄԱԿ-ին կոչ են արել հետաքննել Իրանի դեմ ներկայացված այդ մեղադրանքները։

Հիշեցնենք, որ ըստ Իրանի պաշտոնական տվյալների, հետընտրական հանրահավաքների ժամանակ զոհերի թիվը 12-ն է: