«Ես պատրաստ եմ Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմար պահի ժամանել եւ հանդիպել նրա, ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի հետ եւ քննարկել այն հարցերը կամ խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեությունում եւ հետո աշխատել այդ թվում այդ խնդիրների լուծման ուղղությամբ»: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը՝ պատասխանելով հարցին, արդյոք Հայաստանի ղեկավարության հետ հանդիպում նախատեսվում է, գրում է ԲԵԼՏԱ-ն:
Նա նշել է, որ հույս ունի կոնսենսուսով նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրա խոսքով ՀԱՊԿ Կանոնադրությունում սահմանափակ ձեւաչափով որոշումների ընդունման կարգ կա, երբ ամեն երկիր չէ, որ համաձայն է այս կամ այն հարցի հետ: «Բայց ես հուսով եմ, որ այնուամենայնիվ կոնսենսուս կլինի եւ այն հարցերը, որոնք այժմ դրված են, կհանվեն: Այս տարբերակը կլինի լավագույնը եւ գործի համար ամենաօգտակարը:
Պետք է հաղթահարել այդ տարաձայնությունները եւ շարունակել նորմալ գործունեությունը», - ընդգծել է Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածությունն արդեն համաձայնեցրել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի նախագահները: Զասն արդեն եղել է այս երկրներում եւ հանդիպել պետություններից յուրաքանչյուրի ղեկավարի հետ:
«Հանդիպումներն իրենց բնույթով, արդյունավետությամբ դրական են անցել եւ անձամբ ինձ համար օգտակար են եղել: Նպատակահարմար է նման սխեման գործելակերպ դարձնել, երբ ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող մարդը, հանդիպում է բոլոր պետությունների ղեկավարների հետ», -նշել է նա:
Զասը պատմել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ զրույցում նա լսել է ինչպես են նրանք գնահատւմ տարածաշրջանում իրավիճակը եւ կազմակերպության գործունեությունը, առաջիկայում որ հարցերի լուծումներն են ակնկալում:
«Ոչ բոլոր պաշտոնական ձեւակերպումներն են կատարվել: Կարծում եմ, որ մնացած օրերի ընթացքում կամ հաջորդ տարվա առաջին օրերին իրավական ձեւակերպումները կպահպանվեն եւ նոր պաշտոնում աշխատանքը կսկսվի», - հավելել է Զասը:




























