ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը ստորագրելու ժամկետը որոշված չէ, այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ երկրների բոլոր ղեկավարները, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ աշխատանքային հանդիպում էր անցկացրել եւ ստորագրել նրան կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: Ավելի վաղ Զասն իր նշանակումը համաձայնեցնելու նպատակով արդեն այցելել էր Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան:

«Այս որոշումը պետք է ստորագրեն վեց պետությունների ղեկավարները: Գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով, վեց պետությունների ղեկավարների կողմից»,- գործակալությանը հայտնել է Զայնետդինովը: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունը դեռեւս տեղեկություններ չունի, թե արդյոք որոշումը ստորագրել է պետությունների ղեկավարներից էլի ինչ-որ մեկը, բացի Լուկաշենկոյից, ճիշտ այդպես որոշված չեն նաեւ դրա ժամկետները: «Ես այդ կապակցությամբ ոչ մի տեղեկություն չունեմ»,- ասել է նա:

Ուրբաթ Զասը հայտնել էր, որ պատրաստ է հանդիպումներ անցկացնել Հայաստանում եւ իր նշանակաման հարցում կոնսենսուի հասնելու հույս ունի: Նրա խոսքով, միեւնույն ժամանակ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված է սահմանափակ ձեւաչափով որոշումների ընդունման ընթացակարգը, երբ ոչ բոլոր երկրներն են համաձայն այս կամ այն հարցի հետ: