Իրանի նկատմամբ Հայաստանում գործող բանկային համակարգի դժվարությունները կապված չեն որեւէ պետական գերատեսչության գործունեության հետ․ պատճառը մասնավոր ընկերությունների մտավախություններն են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Վանաձորում, լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա բացատրեց, որ բանկերին տեղեկացրել են՝ մասնավոր անձանց միջոցով փոխանցումների հարցում ԱՄՆ կառավարությունը խնդիր չի տեսնում, բայց քանի որ բանկերը մասնավոր ընկերություններ են, նրանք զգուշանում են, որ հնարավոր է հայտնվել «սեւ ցուցակներում»:

Այդուհանդերձ, Փաշինյանը նշեց, որ կառավարությունը շարունակում է երկխոսել բանկերի հետ՝ բացատրելու համար, որ եթե կոնկրետ մարդու վրա պատժամիջոց չկա սահմանված, ապա նրա գործողությունները սահմանափակելը անտեղի է։

«Երբ մենք իրենց հորդորում ենք, ասում ենք՝ անիմաստ արգելքներ մի՛ հարուցեք, իրենք մեզ հարց են տալիս՝ «եթե մենք ինչ-որ գործողությունների գնանք եւ ֆինանսական պրոբլեմներ ունենանք, դուք կփոխհատուցե՞ք մեր պրոբլեմները։ Պարտավորվեք, որ կփոխհատուցեք մեր պրոբլեմները, եւ մենք հանգիստ կգործենք»։ Բայց այդտեղ, հասկանում եք, որ պետությունը չի կարող անորոշ եւ անհայտ ինչ-որ պարտավորություններ ստանձնել»,– ասաց Փաշինյանը։