Արեւմուտքը հետեւողական քայլեր է կատարում հայկական կողմի քաղաքական կամքը կոտրելու ուղղությամբ, որպեսզի ստիպի ավելի փոքր նշաձող վերցնել ղարաբաղյան հակամարտության պահանջների առումով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով արեւմտյան մի շարք գործիչների հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, մասնավորապես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, թե պաշտոնական Վաշինգտոնն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

«Այդ հայտարարությունները, հաշվի առնելով միջազգային այլ միտումները, նպատակ ունեն ահաբեկել հայկական կողմին եւ ստիպել` զիջումների գնալ»,- նկատել է Սաֆարյանը` հավելելով, որ Հայաստանը հակազդելու մի քանի միջոց ունի:

«Առաջին, հարկ է նշել, որ դա հայկական դիվանագիտության մեծ սխալն է` թույլ տալ Արեւմուտքին աջակցել հակամարտության այս կամ այն կողմին: Հայաստանի երեք նախագահների օրոք Հայաստանը չի կարողացել անել այնպես, որ նման բան չլիներ»,- նկատել է պատգամավորը` ընդգծելով, որ դրա համար պետք է մենք ինքներս ճանաչենք Ղարաբաղի անկախությունը: Ըստ Սաֆարյանի, այդկերպ հնարավոր կլինի վերացնել այն աննորմալ իրավիճակը, որը ստեղծել է Ադրբեջանը, քանի որ «հարցը կարգավորել առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհնար է»:

Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին` Սաֆարյանը նկատել է, որ այստեղ նրբերանգ կա: «Բացի Ադրբեջանից, ռազմական գործողությունների վերսկսման, մարդկանց մահվան եւ ավերածությունների պատասխանատվությունն ընկնելու է նաեւ միջազգային հանրության վրա: Ժամանակն է` ընդունել եւ գիտակցել, որ միջազգային հանրությունը հակամարտության լիիրավ կողմ է, որն իր վրա որոշակի պարտավորություններ է վերցրել: Դա պետք է պայման լինի, ինչպես եւ այն, որ եթե նախագահ-շեյխ Ալիեւը կրկին փորձի իր բախտը մի ողջ ժողովրդի ոչնչացման ճանապարհով, նա պետք է կանգնի միջազգային դատարանի առջեւ»,- ամփոփել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: