Հայաստանում «Ազգային օրակարգ» անունով նոր կուսակցություն կհայտնվի: Նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին հայտնեցին դեկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Քաղաքական ուժն առայժմ գոյություն ունի 6 մարդուց կազմված հիմնադիր հանձնաժողովի ձեւաչափով: Գրանցման եւ համագումարի հարցը կքննարկվի, երբ կուսակցությունը, հիմնադիրների բնորոշմամբ, կրիտիկականորեն կհամալրվի անդամների զանգվածով:
Ինչպես նշեց քաղաքական ուժի հիմնադիրներից Արա Հակոբյանը, այսօր երկրում իրադրություն է ստեղծվել, որի դեպքում անհրաժեշտ է պատասխանատվություն եւ իրավունք ստանձնել, անմիջականորեն մասնակցել ապագայի կառուցմանը: «Մեր քաղաքական ուժը աջակենտրոն է եւ իր գաղափարախոսությամբ ազգային-առաջադիմական»,- հայտնեց Հակոբյանը:
Նրա խոսքով՝ կուսակցությունն իրեն ընդդիմության շարքերում է տեսնում: Կուսակցությունը մտադիր է հաջորդ ընտրություններին մասնակցել: Անցած ընտրությունների առնչությամբ Արա Հակոբյանը նշեց, որ ժողովուրդը կատարեց իր ընտրությունը: «Մենք ավելի շատ բազմազանություն կցանկանայինք, ոչ այնպես միաբեւեռ, ինչպես այսօր է: Սակայն ընտրությունն այդպիսին էր»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ կուսակցությունը այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու եզրեր կորոնի, այդ թվում՝ արտախորհրդարանական: Հնարավոր համագործակցության չափանիշներն են՝ ազգային բովանդակության, պրոֆեսիոնալ հմտությունների եւ հաջողությունների առկայությունը: Ինչ վերաբերում է ընդդիմության դերին հավակնող երկու ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի» եւ «Լուսավոր Հայաստանի» միջեւ կռվին, ապա, Հակոբյանի կարծիքով, ընդդիմադրությունն ու հակասությունները պետք է թելադրվեն գաղափարախոսությամբ:
Կուսակցության մյուս հիմնադիր Ավետիք Չալաբյանը նշեց, որ իրենք երկար ճանապարհ են անցել՝ բանավիճային ակումբի ստեղծումից մինչեւ հայրենադարձության հիմնադրամ: «Համագործակցությունը կախված կլինի կոնկրետ հարցից: Այսինքն՝ կհամագործակցենք նրանց հետ, որոնց հետ կոնկրետ հարցով կոնսենսուս կլինի»,- նշեց Չալաբյանը՝ տրամաբանորեն հավելելով, թե վաղաժամ է ինչ-որ կանխատեսումներ կատարելը:





























