Թեհրանում ավարտվել է ձյուդոյի երիտասարդական միջազգային մրցաշարը: Մրցումների 2-րդ օրը բավական բեղմնավոր է եղել Հայաստանի հավաքականի համար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը, 55կգ քաշային կարգում եզրափակիչ դուրս եկան վանաձորցի Գարիկ Հարությունյանը եւ գյումրեցի, ԲՄԱ-ն ներկայացնող Սերյոժա Ալեքսանյանը: Գ.Հարությունյանը չնչին առավելությամբ հաղթեց եւ գրավեց 1-ին տեղը, նույն քաշային կարգում երեւանցի Արտյուշա Այդինյանը բավարարվեց բրոնզով:
60կգ քաշային կարգում վանաձորցի Գոռ Հարությունյանը նույնպես ճանաչվեց ամենաուժեղը իր քաշային կարգում, իսկ նույն քաշային կարգում երեւանցի Արսեն Թովմասյանը գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
66կգ քաշային կարգում վանաձորցի Դավիթ Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալը, իսկ նույն քաշային կարգում հրազդանցի Վասպուրակ Մկրտչյանը բավարարվեց բրոնզով:
73կգ քաշայինների պայքարում արմավիրցի Հովհաննես Սերոբյանը բրոնզե մեդալ նվաճեց:
Ընդհանուր հաշվարկով մեր հավաքականը Թեհրանում նվաճել է 4 բրոնզե, 2 արծաթե եւ 3 ոսկե մեդալ:




























