Ադրբեջանի վրա ազդելու միակ միջոցը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: Այս մասին դեկտեմբերի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կհեշտացնի Հայաստանի օրինակին հետեւելու մյուս պետությունների խնդիրը:
«Մեզ համար ամենամտահոգիչը բանակցային գործընթացում Ղարաբաղի կարգավիճակի հարցի բացակայությունն է: Վերելակում ձեռք բերված համաձայնությունը թույլ կտա ադրբեջանցիներին խուսափել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի իրականացումից, ինչպես նաեւ խուսափել Ղարաբաղի կարգավիճակի հարցից: Հայաստանի եւ այլ երկրների կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը թույլ կտա ավելի մեծ ճնշում գործադրել Բաքվի վրա», - ասաց նա:
Կիրո Մանոյանը շեշտեց, որ բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների հիմնական թերությունն այն է, որ նրանք չեն կարողանում մեր հանրությանը օպերատիվ տեղեկատվությամբ ապահովել:
Կիրո Մանոյանը նաեւ ասաց, որ մենք կորցրեցինք ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար ունենալու մեր իրավունքը:
«ՀԱՊԿ ամեն մի երկիր Ադրբեջանի հետ հարաբերություններում իր շահերն ունի եւ պետք է կարողանալ պաշտպանել սեփական իրավունքները եւ շահերը: ՀԱՊԿ-ում դաշնակիցների գործողությունները կասկածի տակ են դնում այդ դաշնակցային հարաբերությունները»,- եզրափակեց նա:





























