Հայ եւ վրաց եկեղեցիները պետք է կարգավորեն կրոնական հարցերն իրար մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է վրացի քաղաքագոտ Սոսո Ցինցաձեն` խոսելով Վրաստանի տարածքում մի շարք եկեղեցիների պատկանելության մասին: Նա նկատել է, որ Հայաստանն ու Վրաստանն աշխարհիկ պետություններ են, որտեղ եկեղեցին տարանջատված է պետությունից, եւ քաղաքական գործիչները չէ, որ պետք է լուծեն այդ հարցը:
«Այստեղ հակասություններ չկան, որոնք հնարավոր չլինի լուծել բանակցությունների, քննարկումների, հանդիպումների միջոցով: Երկու պատրիարքն էլ բավական իմաստուն են եւ զգալի փորձ ունեն, նրանք կարող են լուծել այդ հարցը»,- նկատել է նա` հավելելով, որ երկու քրիստոնեական ժողովուրդները փոքրամասնություն են տարածաշրջանում եւ միասնական հավատը պետք է հիմք լինի փոխվստահության համար, այլ ոչ թե տարանջատի նրանց:




























