Երբ հարեւան երկրներում իրավիճակը պայթյունավտանգ է, դա, իհարկե, բացասական է, բայց առայժմ Հայաստանում եւ Վրաստանում նման միտումներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն, անդրադառնալով արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխություններին: Նրա խոսքով, ամբողջ խնդիրն այն է, որ «այստեղ տարբեր դերակատարներ են եւ տարբեր սկզբնական դիրքեր»:
«Եգիպտոսում եւ Թունիսում տեղի ունեցած իրադարձությունները ստիպում են մտածել, բայց ես չեմ կարծում, որ այդ երեւույթը զանգվածային տարածում կստանա: Օրինակ, մենք բոլորս գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին, սակայն ինքը՝ երկիրը փոքր է, ժողովուրդը՝ քիչ, իսկ նավթի եկամուտները՝ մեծ: Ես եղել եմ Լիբիայում, այնտեղ չկա այդպիսի սոցիալական պայթյունավտանգ վիճակ»,- նշել է փորձագետը, հիշեցնելով, որ արաբական շատ երկրներում, որտեղ հուզումներ են սկսվել, իշխանության ղեկին նստած են երկարակյաց ղեկավարներ եւ դա սկսում է զզվեցնել ժողովրդին: «Քադաֆին 40 տարուց ավելի է, իշխանության գլուխ է եւ այդ երկրում զանգվածային շարժումը պետք է յուրօրինակ մեսիջ դառնա Քադաֆիի համար»,- ասել է վրացի քաղաքագետը, կարծիք հայտնելով, որ այս ամենի ամենավտանգավոր հետեւանքը կարող է լինել նավթի գների կտրուկ բարձրացումը:




























