Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը պետք է Ռուսաստանի հանդեպ նոր քաղաքականություն վարի եւ փոխի երկու երկրների միջեւ հարաբերությունների բնույթը: Դեկտեմբերի 25-ին Երեւանում՝ ՌԴ դեսպանատան առջեւ փոքրաթիվ ակցիայի ժամանակ այս մասին հայտարարեցին արեւմտյան ինտեգրացիայի կողմնակիցները, հաղորդում է  NEWS.am-ի թղթակիցը:

Ըստ ակցիայի մասնակիցների, ներկայիս իշխանությունը Ռուսաստանի հանդեպ շարունակում է նույն քաղաքականությունը, ինչ նախկին իշխանությունը: Արեւմտամետները պահանջում են Հայաստանի տարածքից ռուսական 102-րդ ռազմական բազան դուրս բերել:

Հավաքվածներն իրենց պահանջը հիմնավորում են 2015 թվականին Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությամբ, ինչպես նաեւ վերջերս տեղի ունեցած կնոջ սպանությամբ:

Նրանց կարծիքով՝ 102-րդ ռազմական բազան սպառնալիք է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ հայկական պետության նկատմամբ:

Բողոքի ակցիան անցկացվում է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախաձեռնությամբ: Ակցիայի ընթացքում հավաքվածները իրենց պահանջը կփոխանցեն ՌԴ դեսպանին: