ԱՄՆ-ն չի հասնի իր նպատակներին, չնայած նրան, որ Թեհրանի դեմ Վաշինգթոնի պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Իրանի կենսամակարդակի վրա: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պատժամիջոցներն ազդում են մարդկանց կենամակարդակի վրա, սակայն կասկած չկա, որ ԱՄՆ-ն կպարտվի, իսկ Իրանի կառավարությունը խորհրդարանի, ժողովրդի եւ հոգեւոր առաջնորդի աջակցության դեպքում կհաղթահարի դժվարությունները», - նախագահի խոսքը ներկայացվում է նրա պաշտոնական կայքում:

Նա նաեւ հավելել է, որ ամերիկյան դավադրության եւ պատժամիջոցային ճնշման գլխավոր նպատակը Իսլամական Հանրապետությանը ծնկի իջեցնելն է:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի սահմանափակող միջոցները «խախտում են բոլոր միջազգային համաձայնությունները եւ ուղղված են անմիջապես Իրանի ժողովրդի, տարածաշրջանի բնակչության եւ միջազգային ընկերությունների դեմ»:

«Նրանք ցանկանում են, որ իրանցի ժողովուրդը կորցնի հավատը երկրի ապագայի եւ մեր քաղաքական համակարգի հանդեպ եւ համոզվի պետության անարդյունավետության մեջ», - ասել է նա: Ըստ Ռոհանիի, Միացյալ Նահանգները փորձում են մարդկանց համոզել, որ «Իրանի կառավարությունը չի կարող վերահսկել երկրում իրավիճակը»:

Վերջին ամիսներին Իրանում տնտեսական իրավիճակի վատթարացում էր նկատվում, որի առավել արտահայտված դրսեւորումը ազգային դրամի կտրուկ արժեզրկումն էր: Այս գործընթացը արագացավ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գարնանը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս ԳՀՀԾ-ից,  որը սահմանափակում է Թեհրանի միջուկային զարգացումը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից կիրառվող միակողմանի սահմանափակումների չեղարկման դիմաց:

Մայիսին իրանական ռիալի փոխարժեքը մեկ դոլարի համար կազմում էր 65 հազար, իսկ սեպտեմբերի վերջին այն հասնում էր 180 հազար ռիալի: Հոկտեմբերին Իրանում երկարատեւ անկումից հետո ազգային արժույթը սկսեց ամրապնդվել: