Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամների 55 հազար դրամի շնորհիվ երկրում եղել է հեղափոխություն, այդ 55 հազարի շնորհիվ դուք քաղաքապետ։ եք դարձել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու այսօրվա նիստին քաղաքի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման քննարկման ժամանակ ասաց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով քաղաքապետի ավելի վաղ կատարած հայտարարությանը:
«Ելք» խմբակցությունը, ձեր ասած, 55 հազար դրամով պոլիկլինիկաների կոռուպցիոն կծիկների բացահայտում է արել, կարող ենք տալ բազում վերելակների վերանորոգում, ապօրինի շինություններ կան բազում, որ 55 հազար դրամով մենք թույլ չենք տվել, որ կառուցվեն, բազում ծառեր, որոնք թույլ չենք տվել, որ կտրվեն: Եվ վերջապես, «Ելք» խմբակցության 55 հազար դրամի շնորհիվ այսօր երկրում եղել է հեղափոխություն, որի շնորհիվ դարձել եք քաղաքապետ»,- նշեց Անի Խաչատրյանը:
Հայկ մարությանը սրան արձագանքեց. «Այդ 55 հազարի շնորհիվ դուք ոչ մի հարց հիմնովին չեք լուծել: Այն, ինչ դուք 55 հազար դրամով էիք անում, ես, որ ավագանու անդամ չէի, անվճար էի անում: բազմաթիվ պրոցեսների եմ մասնակցել, որոնք շատ դրական արդյունք են ունեցել»:
Անի Խաչատրյանը տեղից նետեց. «Դուք խոսում եք մարդկանց հետ, որոնք 20 տարի ընդդիմություն են եղել: Ես 2004 թվականի ապրիլյանդ եպքերի մասնակից եմ եղել: Հիմա շատ հեշտ է խոսել, մենք ՀՀԿ-ի դեմ ենք դուրս եկել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ավագանու նիստում Մարությանը դիմել էր իրեն քննադատող «Լույս» խմբակցության անդամներին, որոնք ավագանու անդամ են եղել նաեւ նախորդ ավագանիում. «Դուք այն ժամանակ եղել եք ավագանու անդամներ, 55 հազար դրամ աշխատավարձ եք ստացել, եղել եք անցած ավագանու անդամներ եւ ոչ մի բան չեք արել, որովհետեւ այսօր ունենք պրոբլեմատիկ զեկույց: Ձեր այդ հանձնաժողովը անգործության է մատնված եղել, որովհետեւ այն զեկույցը, որ բերել են մեզ, ես համարում եմ անբավարար: Դուք պիտի ավելի շատ ու ավելի ճիշտ աշխատեիք իրենց հետ: Այդ դեպքում միգուցե այսօր կարողանայինք տրանսպորտային նոր ցանցի ներդրման գործընթացն սկսել»:




























